Ես ծնվել եմ Վլադիկավկազում։ Նախնիներս Արևմտյան Հայաստանից են։ 20 տարվա ընթացքում այս տարի առաջին անգամ եղա Հայաստանում։ Ուժեղ ոգով և հագեցած պատմություն ունեցող աղքատ երկիր։ Ես հպարտ եմ իմ արմատներով։ Sputnik Հարավային Օսեթիայի հարցազրույցը երաժիշտ Կարեն Կոջոյանի հետ։
– Ե՞րբ ես սկսել երաժշտությամբ զբաղվել։
– Ես երաժշտական կրթություն չունեմ։ Սակայն մանկուց մեծ սեր ունեի դեպի երաժշտությունը, երգում էի դպրոցի երգչախմբում, նկարում էի։ Զբաղվում էի սպորտով, բրեյք–դանսով, երաժշտությունը երկրորդ պլանում էր։ Հետո ինձ գերեց ազգային` հայկական երաժշտությունը, և ես ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ կլառնետ ու սաքսոֆոն նվագել։ Սաքսոֆոնը թանկ գործիք էր, և ինձ կլառնետ գնեցին, ու սկսեցի երաժշտական դպրոց հաճախել։ Այդ ժամանակ ես 10-րդ դասարանում էի, իմ խմբի անդամները մանկուց էին երաժշտությամբ զբաղվում։ Ես այդպես էլ չմտերմացա նոտաների հետ ու դադարեցի դպրոց հաճախել` դասական պատմություն է։
Ես ավարտեցի Կ.Լ. Խետագուրովի անվան հյուսիսօսեթական պետական համալասրանի պատմության ֆակուլտետը։ Մինչև երրորդ կուրսը սովորում էի օտար լեզուների բաժնում, սակայն հետո տեղափոխվեցի պատմության բաժին։ Երազում էի թարգմանիչ լինել, ճանապարհորդել։ Ընդհանրապես, հայերը բազմակողմանի զարգացած մարդիկ են, մենք հակում ունենք դեպի երաժշտությունը, լեզուները, ամեն ինչ։
Արդեն ուսանողական տարիներին ես մասնակցեցի «Աստղերի դպրոց» նախագծին, գնացել էի ընկերոջս աջակցելու։ Երգեցի «կատակով» և անցա։ Այնտեղ երիտասարդություն էր հավաքվում։ Մենք երգում էինք, շփվում, և ինչպես պարզվեց, ինձ մոտ վատ չէր ստացվում։ Ստեղծագործական մթնոլորտ, տաղանդավոր մարդիկ… Սա առաջին քայլն էր, այնուհետև երաժշտությունը դարձավ իմ կյանքի անբաժանելի մասը։
– «V7 club»–ի պատմությունը
– Խմբի անդամների հետ մենք վաղուց ենք ծանոթ։ Պատանեկության տարիներին բրեյք–դանսով էինք զբաղվում։ Ժամանակի ընթացքում մեր թիմը հավաքեցինք, այնուհետև բուհում սովորելու պատճառով ստիպված եղանք թողնել պարը, և ես գրեթե կորցրեցի կապը նրանց հետ։
Մի քանի տարի անց մենք ընկերներով մեկնեցինք Կազան` ներկայացնելու հանրապետությունը Համառուսաստանյան ուսանողական գարուն փառատոնին։ Ես մասնակցում էի «էստրադային վոկալ» անվանակարգում, իսկ նրանք` պարերի։ Փառատոնից հաղթանակով տուն վերադառնալուց հետո սկսեցին հավաքվել և ստեղծագործել` պարզունակ մակարդակով։ Մեկը երգի բառերն էր գրում, մյուսը` երաժշտությունը, ժամանց էինք կազմակերպում նեղ շրջանակում։
2010 թվականի գարնանը ձայնագրեցինք «Միայնակ լուսին» երգը, իսկ ամռանն այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեցինք։ Համացանցում կարճ ժամանակի ընթացքում այն ավելի քան մեկ միլիոն դիտում ունեցավ։ Հանկարծակի մենք ճանաչելի դարձանք` սկսեցինք ավելի պրոֆեսիոնալ զբաղվել երաժշտությամբ, աճելու ցանկություն հայտնվեց։
Մեկնեցինք Մոսկվա` ձայնագրելու առաջին ալբոմը։ Այնտեղ փնտրում էինք ստուդիաներ, այդ ոլորտում աշխատող մարդկանց հետ ծանոթանում։ Կես տարվա քրտնաջան աշխատանքը մեզ շատ բան տվեց, սակայն ալբոմն այդպես էլ չհասցրեցինք թողարկել։ Խմբի անդամները վերադարձան Օսեթիա, իսկ ես Մոսկվայում մնացի։ Ընկերությունը պահպանեցինք, սակայն համատեղ աշխատանքը դադարեցրեցինք։ Վերջերս կրկին միանալու որոշում կայացրեցինք։ Այժմ «Գուշակիր` ով» երգն ենք ձայնագրում, որը խորհրդանշում է նախկին կազմով մեր վերադարձը ասպարեզ։ Այնպես որ շուտով մեր երկրպագուները հնարավորություն կունենան տեսնել ու լսել արդեն հասուն V7 club-ի նոր կատարումները։
– Կցանկանայինք իմանալ քո կեղծանվան պատմությունը։ Ինչո՞ւ Jah-Far։
– Jah-Far կեղծանունը ծնվեց հանկարծակի` մեր հերթական ստեղծագործական հանդիպման ժամանակ։
– Դու ստեղծագործե՞լ ես որպես առանձին կատարող, երբ խումբն արդեն չկար։
– Այդ ժամանակ ես Մոսկվայում էի ապրում իմ ընկեր, գործընկեր, ռեփեր ՄանՏանայի հետ։ Եվ ամեն մեկս առանձին էր ստեղծագործում։ Մի օր որոշեցինք համատեղ ինչ–որ բան անել։ Այսպես հայտնվեց «Դիտում եմ կողքից» երգը, իսկ այնուհետև նաև J&M նախագիծը (Jah-Far & ՄանՏանա)։ Նույնպես, ինչպես և V7–ի դեպքում, J&M նախագիծը նպատակ չուներ ալբոմ թողարկել։ Մենք երգեր էինք ձայնագրում և ներկայացնում դրանք սոցցանցերում։ Այն, ինչ մենք անում էինք, դուր էր գալիս մարդկանց, և մենք շարունակեցինք միասին աշխատել։
– Կպարզաբանե՞ս վերաբերմունքդ ձեր արվեստի նկատմամբ։ Դուք չունեք պրոդյուսեր, չեք ձգտում ալբոմներ թողարկել, շրջագայություններ, համերգներ ունենալ։
– Որպեսզի Ռուսաստանում անուն հանես, հովանավոր և պրոդյուսեր է հարկավոր, այսինքն` կապեր և ֆինանսական աջակցություն։ Գավառական արտիստն ունի միայն երաժշտություն և տաղանդ։ Մենք ժողովրդից ծնված երաժիշտներ ենք։ Երաժշտությունը մենք նվիրում ենք, ոչ թե վաճառում։
– Ինչո՞ւ չեք ձգտում ավելիին հասնել։
– Իսկ ինչպե՞ս։ Խնդրելը մեր ոճը չէ։ Երբ մենք Մոսկվայում թիմով էինք հանդես գալիս, ինձ մի շարք առաջարկներ էին անում, առաջարկում պայմանագիր ստորագրել բավականին հանրաճանաչ պրոդյուսերական կենտրոնների հետ։ Սակայն նրանց ես էի պետք` որպես մեներգիչ։ Բայց մենք մի թիմ էինք, համերաշխ թիմ, և ինձ համար անընդունելի էր նման պայմանների համաձայնել։
– Եթե քեզ վաղն առաջարկեն համագործակցել հաջողակ պրոդյուսերի հետ և միայնակ նախագիծ անել, կհրաժարվե՞ս։
– Նայած ում հետ… Ինձ համար սկզբունքորեն կարևոր է, որ իմ հետաքրքրությունները և ճաշակը համընկնի այն մարդու ճաշակի հետ, ով իմ արվեստից պետք է արդյունք ստանա։ Օրինակ` Մաքս Ֆադեևն ինձ շատ հոգեհարազատ մարդ է։ Ինձ մոտ է այն, ինչ նա անում է։ Կան մարդիկ, ում հետ դժվար կարողանայի համագործակցել։ Հիմնականում համագործակցության ընթացքում դերասանը անուն է ստեղծում, իսկ պրոդյուսերը` փող վաստակում։ Սա մշակված սխեմա է։
– Ինչպե՞ս ճանաչված լինելն ազդեց ձեր թիմի վրա։
– Երաժշտությամբ ես զբաղվում եմ ոչ հանուն ճանաչման, մեր երաժշտությունն ամենքի համար չէ, մենք դա հասկանում ենք։ Ռուսաստանում այսօր հանրաճանաչ դառնալու համար քո երաժշտությունը պետք է հասկանալի լինի բոլորին։ Մենք կարող ենք ավելի հասկանալի որևէ բան ձայնագրել մասսաների համար, ինչպես նաև ավելի հարմար` հեռուստատեսության և ռադիոյի ֆորմատի համար։ Բանն այն է, որ մեզ դա դուր չի գալիս, մենք չենք ուզում հարմարվել ձևաչափերին։ V7 club–ը ֆորմատներից դուրս է։ Օրինակ` այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Նոսկովը, Ագուզարովան, այսօր հազվադեպ են հնչում, սակայն նրանք հանճարներ են և միլիոնավոր երկրպագուներ ունեն։ Ես նրանցից մեկն եմ, և հաճույքով կգնայի նրանց համերգին, քան ցանկացած մեկ այլ արտիստի ելույթի, որն այսօր հանրաճանաչ է համարվում։
– Երբեք ցանկություն չե՞ս ունեցել մեկնել երկրից, որպեսզի կայանաս։ Թե՞ դու քեզ լավ ես զգում` աշխատելով ու ապրելով Վլադիկավկազում։
–Վլադիկավկազում ես տանն եմ, սակայն սիրում եմ ճանապարհորդել, ես պետք է անդադար որևէ նոր բան իմանամ, նոր բան զգամ։ Երկիր մոլորակում Օսեթիայում ծնված մի մարդ կա` Վալերի Գերգիևը, այն երջանիկներից մեկը, ով ունի աշխարհի քաղաքացու անձնագիր։ Ես դեմ չեմ երկրորդը լինել։