ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանեց ֆրանսահայ լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը, հայտնում Արմենպրեսը։
Ազնավուրը Երևանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ, որի շրջանակում հոկտեմբերի 10-¬ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա բացառիկ համերգով:
Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ հայ գաղթյալների ընտանիքում։
Ազնավուրը ստեղծել է մոտ 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN հանդեսի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։
Նրա հայտնի երգերից են` «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Մամա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Խուլիո Իգլեսիասը և ուրիշներ։ Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն էր, որը Եվրոպայում պլատինե սկավառակ ստացավ:
1995թ.-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, իսկ 2009թ. մայիսի 6-ին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:
Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90¬-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: