ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Էջմիածինը դարձավ 2700 տարեկան։ Այս տարի քաղաքի տոնը նշվելու է 7-րդ անգամ: Այն առաջին անգամ նշվել է 2008 թվականին։
405 թվականին, երբ հայ գրերի գյուտն արած Մեսրոպ Մաշտոցը վերադառնում էր հայրենիք, նրան Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ, և 3 օր ժողովրդական տոնախմբություն էր։
Խորհուրդը պահպանվել է. այսօր ևս Էջմիածնում տոնական միջոցառումները շարունակվում են 3 օր, բայց բարձրակետը լինում է հոկտեմբերի 8-ին՝ բուն տոնի օրը, այն օրը, երբ տառերը հասան Էջմիածին։
Հոկտեմբերի 8-ը մի քանի այլ նշանակություն ևս ունի։ Նախ՝ 8 թվանշանն ինքնին հավերժության նշան է։ 1869 թ. հոկտեմբերի 8-ին է ծնվել նաև մեծն Կոմիտասը, եթե նրա ծննդյան օրը ճիշտ տոմարով հաշվարկենք։ Նաև՝ մի քանի ազգային-եկեղեցական իրադարձություններ են եղել հոկտեմբերի 8-ին. Վազգեն առաջին վեհափառի օրոք առաջին մյուռոնեփությունը հոկտեմբերի 8-ին է եղել և այդպես շարունակ։
Ինչպես նշում է Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, տոնի կապակցությամբ քաղաքում անցկացվող միջոցառումները բազմազան են և բազմապիսի։ Անցկացվելու է տոնական շքերթ, որին կմասնակցեն քաղաքի բոլոր շերտերը՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմի մասնակից երկրապահներ, մտավորականներ, մարզիկներ, մշակույթի գործիչներ, կրթական հաստատությունների կոլեկտիվներ և սովորողներ, հոգևոր դասը, ներառյալ` Գևորգյան ճեմարանի սաները և ամբողջ քաղաքը։
Շքերթն ուղեկցվելու է բեմական ներկայացմամբ և ամեն տարի նորացվող պարային ֆլեշ-մոբով։ Այս տարվա շքերթը հատկապես գեղեցիկ ու հետաքրքիր է լինելու՝ ներկա գտնվողներին խոստանալով գեղագիտական հաճույք։
Պարտադիր բաղադրիչներից է լինելու նաև տոնական համերգը՝ հայ բեմարվեստի ճանաչված վարպետների և Էջմիածնի Մշակույթի տան խմբերի մասնակցությամբ։
Քաղաքի 2700-ամյակի կապակցությամբ նոր երգ է ստեղծվել։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, ով, ինչպես քաղաքի օրհներգի դեպքում էր, այս անգամ էլ նվեր է արել Էջմիածնին։ Երաժշտությունը հեղինակել է Մանե Հակոբյանը, երգը կատարում է Սիլվա Հակոբյանը։ Տոնական համերգի ժամանակ Ավետ Բարսեղյանը կներկայացնի իր նվերը, իսկ Սիլվա Հակոբյանը երգը կհանձնի էջմիածինցիների դատին։
Համերգը կուղեկցվի գունեղ հրավառությամբ։
Էջմիածնի 2700-ամյակի կապակցությամբ նոր երգ է ստեղծվել
11:53 08.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)

© Sputnik / А. Экекян
/ Բաժանորդագրվել
Տոնական համերգի ժամանակ Ավետ Բարսեղյանը կներկայացնի իր նվերը, իսկ Սիլվա Հակոբյանը երգը կհանձնի էջմիածինցիների դատին