ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Չորեքշաբթի կեսօրին հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանությունների խնդրանքով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուսական ռազմաօդային ուժերը կաջակցեն Բաշար Ասադի վարչակազմին: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը162 կողմ ձայներով համաձայնություն Է տվել երկրի նախագահ Վ. Պուտինին՝ զինված ուժերն օգտագործելու Սիրիայում: Քիչ ավելի ուշ ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ ռազմական ավիացիան ուղարկվել է Սիրիա և արդեն հարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին:
Ռուսաստանի իշխանությունները վաղուց էին նախապատրաստվում դեպքերի նման զարգացմանը: Վերջին շրջանում պաշտոնական Մոսկվան դիվանագիտական բավական ծանրաբեռնված և բարդ օրակարգ է ունեցել: Սիրիայում կուտակված խնդիրներին որոշակի լուծումներ գտնելու նպատակով Ռուսաստանի նախագահն ու արտգործնախարարը բազում հանդիպումներ են ունեցել տարածաշրջանային պետությունների ղեկավարների հետ, փորձել համատեղ լուծումներ գտնել: Արդյունքում, ինչպես կարելի է դատել մամուլի հրապարակումներից, Կրեմլին հաջողվել է գտնել Իրանի և Չինաստանի աջակցությունը, ինչպես նաև ստեղծել Սիրիա օդուժ ուղարկելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական համապատասխան ֆոն:
Սիրիայի իշխանություններին օգնելու Ռուսաստանի որոշումն աշխարհաքաղաքական նոր զարգացումների սկիզբ կդառնա ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ռուսական կողմի գործողությունները Սիրիայում որոշակի խնդիրներ են ստեղծել Ասադի իշխանության դեմ պայքարող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են, օրինակ Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան: Վերջինս ընդհանրապես խուճապի մեջ է, քանի որ հասկանում է, որ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում սահմանափակելու է այդ ուղղությամբ իր էքսպանսիոնիստական քաղաքականության հնարավորությունները: Բացի այդ, Անկարայում խիստ անհանգստանում են այն հանգամանքով, որ ռուսական զորքերն արդեն երրորդ ուղղութամբ են շրջափակում Թուրքիան: Ինչպես հայտնի է, Էրդողանի իշխանությունն առանց այն էլ լուրջ սպառնալիք էր ընկալում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին: Իսկ հիմա Թուրքիան արդեն ստիպված է լինելու հաշվի նստել ռուսական ռազմական ներկայության հետ նաև հարավային սահմանում: Եվ դա այն դեպքում, երբ Էրդողանն ամեն ինչ արեց, որպեսզի նման բան տեղի չունենա: Մեկ շաբաթ առաջ նա անգամ այցելեց Մոսկվա, բայց, ակնհայտորեն, ռուսական կողմի հետ բանակցությունները ցանկալի արդյունք չտվեցին և Էրդողանը ստիպված եղավ հայտարարել, որ չի հասկանում Պուտինի դիրքորոշումը:
Սիրիա ռուսական զորք մտցնելու մասին Կրեմլի որոշումը դժվար կացության առջև է կանգնեցրել նաև Արևմուտքը: Միանգամայն պարզ է, որ աշխարհի լավագույն վերլուծական կենտրոններում հիմա հաշվարկում են դեպքերի զարգացման հնարավոր սցենարները՝ զուգահեռաբար փորձելով հնարավորինս նեյտրալացնել ռուսական ազդեցության մեծացման հետևանքները արևմտյան աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահի համար: Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում քաղաքական հիմնական զարգացումները դեռ առջևում են: Ինչպես նաև՝ հարակից տարածաշրջաններում: Լրատվական գործակալություններն արդեն հայտնում են Աֆղանստանի թալիբների ակտիվացման մասին: Վերջիններս ռազմական լուրջ հաջողություններ են ունեցել Տաջիկստանի հարակից Կունդուզա նահանգում…
Աշխարհաքաղաքական հակամարտության նոր փուլը չի շրջանցի նաև Հարավային Կովկասը, որն առանց այն էլ վերափոխումների և ազդեցության գոտիների վերաբաշխման ժամանակաշրջան է ապրում: Իհարկե, Սիրիայում ռազմական հաջող կամպանիա իրականացնելու համար Ռուսաստանին՝ նախ և առաջ, պետք է կայունություն այս տարածաշրջանում, հետո նաև՝ հուսալի հենման կետ: Երկրորդ խնդիրը վաղուց լուծված է. Հարավային Կովկասում Ռուսաստանն ունի Հայաստանի պես դաշնակից, որի հետ ռազմական համագործակցությունը հնարավոր ամենաբարձր մակարդակում է գտնվում:
Իսկ ահա կայունության և անվտանգության հարցը շարունակում է բաց մնալ: Հատկապես հիմա, երբ Թուրքիան իրեն վիրավորված է զգում Սև ծովում և Մերձավոր Արևլքում: Պարզ է, որ իրավիճակը որոշակիորեն իրենց հարմարեցնելու համար թուրքերը փորձելու են նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար այլ տարածաշրջաններում: Այս առումով, հայ-ադրբեջանական հակամարտության նոր փուլի վերսկսումը վատ տարբերակ չէ Անկարայի համար: Հատկապես, որ դա կարող է հնարավորություն տալ Թուրքիային որոշակի դերակատարում ունենալ նաև Հարավային Կովկասում:
Բայց Անկարան դեռ մինչև վերջ չի հաշվարկել այդ սցենարի դրական և բացաասկան կողմերը: Այս տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը զսպող երկրորդ գործոնն այն է, որ Արևմուտքի իր գործընկերները՝ հատկապես ԱՄՆ-ն, Հարավային Կովկասի վերաբերյալ չի խորհրդակցվում թուրքական կողմի հետ: Այս ամենը Անկարային մտորելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս, բայց դրա համար նրանց ժամանակ է պետք: Ինչպես նաև որոշակի կանխատեսելիություն քրդերի հետ ընթացող հակամարտության հնարավոր հետևանքների վերաբերյալ:
Անկայունության այս ընդհանուր իրավիճակն ինչպես ռիսկեր, այնպես էլ նոր հնարավորություններ է պարունակում նաև հայկական կողմի համար: Միայն այն հանգամանքը, որ Ռուսական օդուժի գործողությունները կնպաստեն Սիրիայի հայության անվտանգությանը, ամեն ինչ արժե հայկական կողմի համար: Բայց, պաշտոնական Երևանը կարող է նաև ավելի լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջանային զարգացումներում: Ընդ որում՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Սիրիայում և ընդհանրապես՝ Մերձավոր Արևելքում: Երկբևեռ աշխարհակարգը վերականգնելու մեր ստրատեգիական դաշնակցի որոշումը նման հնարավորություններ ընձեռում է Հայաստանին: Անհրաժեշտ է միայն ճիշտ կողմնորոշվել, իրավիճակը գնահատել և գործել: