ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. Ռուսաստանի մարտական ավիացիան Սիրիայում օդային գործողության առաջին օրվա ընթացքում ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 12 կետերին ցերեկային և գիշերային ժամերին, հինգշաբթի լրագրողներին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գենարալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ցերեկային ժամերին հասցվել է ավելի քան 20 ավիահարված ԻՊ ահաբեկչական խմբավորումների 8 օբյեկտներին։ Թռիչքներին մասնակցել են Սու–24Մ և Սու–25 ինքնաթիռները, որոնք արդիականացված են և ունեն նշանառության գերժամանակակից համակարգեր»,– ասել է գեներալը։
ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ օբյեկտիվ հսկողության տվյալներով հաստատվում է Սու–24Մ ինքնաթիռների կողմից Էլ Լաթամնա շրջանում ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետի ոչնչացումը։
Սու–24Մ հարվածներով ոչնչացել են նույն խմբավորման ահաբեկչական խմբավորումների կառավարման շտաբը և Թել Բիսի մոտ գտնվող զինապահեստը։ Ավիառումբերի ընկնելու հետևանքով պահեստում պայթել է զինամթերքը, ինչը հանգեցրել է դրա լիովին ոչնչացման։