ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել ռազմական միջոցներով, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Նրա խոսքով` շփման գծում և սահմանին տեղի ունեցող միջադեպերը խորն ափսոսանք են առաջացնում։ «Իմ խորին ցավակցությունն են հայտնում զոհվածների ընտանիքներին։ Միաժամանակ խորապես համոզված եմ, որ անհնար է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Այն կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ, միայն խաղաղ միջոցներով», – նշեց Վոլինկինը։
Նա հույս հայտնեց, որ շփման գծում իրավիճակի հետագա սրում չի գրանցվի։
Պատասխանելով այն հարցին, թե կկարողանա՞, արդյոք, Մինսկի խումբը կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը` Վոլինկինը նշեց, որ այս հարցն արդեն քննարկվել է Նյու Յորքում կայացած երկու արտգործնախարարների բանակցությունների ընթացքում։
«Ցավոք, արդյունքներից տեղյակ չեմ, սակայն մեծ հույսեր ունեմ, քանի որ իրավիճակից հնարավոր է ելք գտնել միայն բանակցությունների միջոցով, բայց ոչ երբեք մարտի դաշտում», – ասաց Վոլինկինը։
«Գլխավորը երկու երկրների միջև բանակցություններն են», – եզրափակեց Վոլինկինը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: