ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանը կարող է չվախենալ Թուրքիայի սադրանքներից, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության նոր զարգացումները։
«Չեմ կարծում, թե պետք է սպասել, որ Թուրքիան սադրանքներ կկազմակերպի սահմանին։ Այսօր Թուրքիայի ուշադրության կենտրոնում են Սիրիայում զարգացող իրադարձությունները, դիմակայությունը Մերձավոր Արևելքում, Եգիպտոսի հետ թշնամության հասնող հարաբերությունները։ Չնայած բացառված չէ, որ նա դա կանի Ադրբեջանի օգնությամբ», –երկուշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը։
Ուրբաթ Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։
Սաֆրաստյանը նաև նշեց, որ երբ Թուրքիայում սրվում է ներքաղաքական իրավիճակը, ապա առաջին զոհերը դառնում են քրիստոնյաները, մասնավորապես` հայերը։
«Այնպես որ Թուրքիայում ընտրարշավի ընթացքում սպասվող իրավիճակի սրումը կարող է անդրադառնալ հայկական համայնքների վրա։ Միայն համակարգված և արագ գործողությունների միջոցով հաջողվեց կանխել մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի իշխանությունների կողմից հրահրվող ամբոխի հարձակումները Ստամբուլի երեք հայկական համայնքների վրա», – ասաց Սաֆրաստյանը։
Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին` քաղաքագետը նշեց, որ նոյեմբերի 1–ին Թուրքիայում կայանալիք ընտրությունների ժամանակ Էրդողանը հավանաբար չի կարող հավաքել ընտրողների ձայների 45–46 տոկոսը և չի կարողանա հասնել մենիշխանության։ Այսպիսով, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը կհայտնվի անորոշության ճանապարհին։
Թուրքիայի ներքաղաքական զարգացումը սահմանող մեկ այլ գործոն է Քրդստանի աշխատավորական կուսակցության պայքարը, որը շատ ավելի ինտենսիվ է դառնում։
«Կուսակցությունն ունի մեծ ներուժ ինչպես հեղինակության, այնպես էլ ռազմական գործողություններ կազմակերպելու տեսակետից», – ասաց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով` Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի սրումը կարող է ստիպել իշխանություններին դիմել կտրուկ քայլերի, որոնք, մասնավորապես, վերաբերում են մրցակից կուսակցություններին քաղաքական դաշտից հեռացնելուն։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` փորձագետը նշեց, որ Թուրքիային շատ է մտահոգում Սիրիայում ռուսական զինվորական ուժերի և տեխնիկայի տեղակայումը։
«Այս ամենն ամբողջությամբ փոխում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և վկայում է Սիրիայում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման մասին», – ասաց Սաֆրաստյանը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիայի իշխանությունները գործադրել են բոլոր ջանքերը, որպեսզի նման բան տեղի չունենա, սակայն Էրդողան–Պուտին հանդիպումից հետո պաշտոնական հայտարարությունների բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասությունները խորանում են։
Փորձագետ. Հայաստանը կարող է չվախենալ Թուրքիայի սադրանքներից
16:22 28.09.2015 (Թարմացված է: 17:46 12.10.2015)

© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Այսօր Թուրքիայի ուշադրության կենտրոնում են Սիրիայում զարգացող իրադարձությունները, դիմակայությունը Մերձավոր Արևելքում, Եգիպտոսի հետ թշնամության հասնող հարաբերությունները, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը