ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը հայտարարում են լավագույն նորարարական գաղափարի մրցույթը, որը հասարակական ունի նշանակություն Հայաստանի համար։
«Կարծում ենք, որ Հայաստանում և Սփյուռքում կան շատ մարդիկ, ովքեր ի վիճակի են գեներացնել նոր գաղափարներ, որոնք օգտակար են մեր սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացման համար», – մրցույթի մանրամասները ներկայացնելիս ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով` առաջին անգամ անցկացնելով նման մրցույթ` կազմակերպիչները շեշտադրում են այն ինստիտուտները, որոնք Հայաստանում ստեղծում և զարգացնում են մտավոր գաղափարներ, առաջին հերթին` համալսարաններ, գիտական և հետազոտական կենտրոններ։
«Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց սահմանափակումների։ Տնտեսական, քաղաքական, սոցիալական, տեղեկատվական և ուրիշ ոլորտներում կատարված աշխատանքները կարելի է ներկայացնել հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը կստանա 300 հազար դրամ (մոտ 632 դոլար), երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 200 հազար դրամ (մոտ 421 դոլար), իսկ երրորդ տեղը` 100 հազար դրամ (210 դոլար)», – երկուշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆարյանը։
Նա նշեց, որ հաջող աշխատանքների մնացած հեղինակների համար կստեղծվեն բոլոր պայմանները հետագա մտավոր զարգացման և աճի նպատակով։
Մրցույթի ժյուրիի նախագահ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով` աշխարհն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, և հասարակության յուրաքանչյուր անդամի առաջնահերթ նպատակն է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։
«Հասարակության գլխավոր ռեսուրսն ինտելեկտն է։ Զուր չէ, որ 7 տարի առաջ CNN–ի նախկին ղեկավարն ասել է, որ եթե այն գումարով, որը ԱՄՆ–ն ծախսում է սպառազինության վրա, մենք Մերձավոր Արևելքում ստեղծեինք դպրոցներ և համալսարաններ, ապա նման քաոս այնտեղ չէր լինի։ Մենք որոշել ենք կազմակերպել այս մրցույթն ու հնարավորություն տալ արտահայտելու սեփական գաղափարները գիտության, տեղեկատվության, քաղաքականության և էկոնոմիկայի ոլորտներում», – ասաց Հարությունյանը։
Մրցույթի մանրամասներին հնարավոր կլինի ծանոթանալ հոկտեմբերի 1–ից noravank.am և soyuzinfo.am կայքերում։
Հայաստանում լավագույն նորարարական գաղափարի մրցույթ կանցկացվի
15:10 28.09.2015 (Թարմացված է: 17:46 12.10.2015)

© Sputnik / Samvel Sepetchyan
Բաժանորդագրվել
Մենք կարծում ենք, որ Հայաստանում և Սփյուռքում կան շատ մարդիկ, ովքեր ի վիճակի են գեներացնել նոր գաղափարներ, որոնք օգտակար են մեր սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացման համար, ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը