ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի–Sputnik. Կիրա Քըրքորյանն իրեն Քըրք Քըրքորյանի կենսաբանական դուստրն է կոչում թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ Քըրքորյանի ամուսնությունից, հայտնում է mynewsla.com կայքը։
Նա չի կարողանա վիճարկել հոր կտակը, քանի որ վիճարկման հնարավորության ժամկետի ավարտին՝ նոյեմբերի 25-ին, չափահաս չի լինի:
Դատարանը 17-ամյա Կիրայի համար խնամակալ է նշանակել, որը կպաշտպանի նրա շահերը մինչև աղջիկը որոշի, արդյո՞ք վիճարկելու է կտակը:
Կիրան 18 տարեկան կդառնա միայն հաջորդ տարվա մարտին:
Կայքը հայտնում է, որ 1999 թվականին Քըրք Քըրքորյանի և Լիզա Բոնդերի ամուսնությունը մեկ ամսից էլ պակաս կյանք է ունեցել, իսկ Բոնդերի դուստրը ծնվել է 1998 թվականին:
Քըրքորյանը կենդանության օրոք չի ընդունել, որ Կիրան իր դուստրն է, սակայն լավ է վերաբերվել աղջկան և որոշել է հոգ տանել նրա մասին: Միլիարդատերը Կիրային որպես նվեր 7 մլն դոլար է կտակել:
Ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը մահացել է 2015թ.–ի հունիսի 15-ին, 98 տարեկանում: Քըրքորյանի կարողությունը 4 մլրդ դոլար է գնահատվում։
