ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik . Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով»:
Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը:
Նա վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Այդ օրը Գերագույն Խորհրդի որոշմամբ` անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի նախաշեմին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակները, փողոցները, այգիներն ու այլ մարդաշատ վայրերը զարդարվել են 1000 դրոշներով: Նախատեսվում է անցկացնել մի շարք տոնական միջոցառումներ, որոնք անցկացվելու են մայրաքաղաքի համերգային հրապարակներում: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ավանդական պարգևատրման արարողությունը, համերգ, տարբեր տոնական միջոցառումներ` բնակիչների և հյուրերի համար:
Ներկայիս Հայաստանը ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն: Մինչ այն եղել են Առաջին Հանրապետությունը (1918–1920 թթ.) և Հայկական ԽՍՀ–ն (1920–1991 թթ.)։ 1991 թվականին Հայաստանը Անկախ պետությունների Համագործակցության անդամ դարձավ, իսկ 1992 թվականին դարձավ ՄԱԿ-ի անդամ, 2001 թվականից դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, իսկ 2002 թվականին տեղի ունեցավ Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Հայաստանը իր գոյության և ազգային ինքնության պահպանման բազմադարյա պայքարում կարողացավ վերականգնել իր պետականությունը, ընդ որում սեփական պետական կազմավորման բացակայության պայմաններում:
Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը: Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ: Այդ թվում Հայաստանն արդյունավետ համագործակցում է Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի առաջավոր պետությունների, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ:

