ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային 9–րդ երաժշտական փառատոնի բացումը Երևանում սեպտեմբերի 10–ին կնշանավորվի ռուս հայտնի ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցությամբ, ասաց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Միջազգային 9–րդ երաժշտական փառատոնը, որն այս տարի նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90–ամյակին, կտևի մինչև հոկտեմբերի 28–ը։ Դրան կմասնակցեն մոտ 30 կատարողներ և երաժշտախմբեր Հայաստանից, Ռուսաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իտալիայից։
«Փառատոնը մեր երաժշտական կյանքի կարևոր իրադարձություններից է։ Եվ այս տարի, ինչպես միշտ, մենք փորձել ենք ներգրավել հայտնի երաժիշտների։ Համերգը, որը կկայանա սեպտեմբերի 10–ին, մեծ իրադարձություն կդառնա, քանի որ ելույթ կունենա Վադիմ Ռեպինը»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Թոփչյանը։
Նա նաև հայտնեց այն մասին, որ փառատոնի շրջանակում ելույթները կանցկացվեն վերջերս նորոգված «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Ռեպինի ծրագրում կհնչեն Բրուխի «Ջութակի կոնցերտը» և Մալերի «Սիմֆոնիա թիվ 1։ Տիտանը»։ Ինչպես հայտնեց ինքը` երաժիշտը, երևանյան փառատոնը, նախևառաջ, տոն է, որը բարի և հաճելի զգացումներ է առաջացնում։
Փառատոնի մասնակիցների թվում են ալտահար Քիմ Քաշքաշյանն ԱՄՆ–ից, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից, ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը Հայաստանից, դաշնակահար Բարի Դուգլասն Իռլանդիայից, Բորոդինի քառյակը։
Կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի, Շնիտկեի ստեղծագործությունները, ինչպես նաև ունկնդրին կներկայացվեն երևանյան մի քանի պրեմիերաներ։
Փառատոնն անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ։