ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Օքսֆորդի, Հարվարդի և Նևադայի համալսարանի գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասների տագնապն ու նյարդայնությունը կարող է բացատրվել ոչ միայն հորմոններով և սեռական հասունացման ժամանակահատվածով, այլ նաև քնի քրոնիկ պակասով, գրում է vokrugsveta.ru կայքը։
Սեռական հասունացման ժամանակ մարդու օրգանիզմն ակտիվ փոփոխություններ է կրում, մասնավորապես, փոխվում են կենսառիթմերը։ Սովորաբար դեռահասին բավականին դժվար է ստիպել քնել ժամը 23։00–ից ավելի վաղ։ Իսկ եթե երեխան պարբերաբար պառկում է կեսգիշերն անց, արթնանում է 6։00–ին, որպեսզի դպրոց հասցնի գնալ, քնի պակասից նրա մոտ քրոնիկ հոգնածություն է առաջանում և նվազում է մոտիվացիան։
Գիտնականների կարծիքով` դպրոցներում պարապմունքների ընդունված ժամը բացասաբար է ազդում սովորողների առողջության և առաջադիմության վրա։ «Արդյունավետ աշխատանքի, այդ թվում` սովորելու ընդունակությունը, փոխվում է կախված կենսաբանական, այլ ոչ թե սոցիալական ժամանակից»,– գրում են գիտնականներն իրենց հոդվածում։
Սկսած դեռահաս տարիքից աշխատանքի և մտավոր կենտրոնացման օպտիմալ ժամերի բնական ցիկլերը սկսում են հակասության մեջ մտնել ուսումնական դասացուցակի հետ։ Ամենաարդյունավետ ժամերը դեռահասների մոտ տեղափոխվում են ավելի ուշ ժամերի։ Այսպես, եթե 10 տարեկան երեխաների համար առաջին դասաժամի սկիզբը հարմար է 8։30–ին կամ ավելի ուշ, ապա 16 տարեկանում այն տեղափոխվում է 10։00–ին, իսկ 18 տարեկանում` 11։00–ին։
Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը պետք է վերանայի պարապմունքների ժամանակացույցը` հաշվի առնելով դեռահասների կենսաբանական ժամերի առանձնահատկությունները։ Դա կօգնի կանխարգելել սովորողների քնի պակասը, ինչը կարող է հանգեցնել քնի քրոնիկ խանգարումների` իր հերթին հանգեցնելով ոչ միայն ուսման, այլև առողջական խնդիրների։ Ի դեպ, վերջերս ԱՄՆ առողջապահության դեպարտամենտը նույնպես հոդված է հրապարակել, որը կողմ է միջնակարգ և ավագ դպրոցներում պարապմունքների ժամերը փոխելուն։
Դպրոցներում պարապմունքները պետք է ավելի ուշ ժամի սկսվեն. գիտնականներ
13:31 08.09.2015 (Թարմացված է: 13:33 08.09.2015)
© Sputnik / Валерий Шустов
/ Բաժանորդագրվել
Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը պետք է վերանայի պարապմունքների ժամանակացույցը` հաշվի առնելով դեռահասների կենսաբանական ժամերի առանձնահատկությունները