ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Oգոստոսի 17-23-ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Այս տարի հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի սաները։
Հանրապետության նախագահը ծանոթացել է «Բազե-2015» հավաքի շրջանակներում անցած օրերին կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբը: Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին:
Նա պարծանքով նշել է, որ հպարտ է, քանի որ մասնակցել է Բազեի բոլոր 13 հավաքներին, որովհետև իրեն դուր է գալիս երիտասարդական միջավայրը։
«Ընդհանրապես, ինձ դուր է գալիս, որ մեր երկրի տարբեր ծայրերից ու նաև Սփյուռքից հավաքվում են բազմաթիվ մարդիկ՝ խնդիրներ քննարկելու, գաղափարներ փոխանակելու համար: Հասկանալի է, որ բոլորին հաճելի է բնության գրկում ժամանակ անցկացնել, առավել ևս՝ հասակակիցների հետ: Բայց ես շատ ուրախ եմ, որ դուք այդ ժամանակն անցկացնում ենք նաև արդյունավետ. ծնվում են նոր գաղափարներ, նոր ծրագրեր»,-ասել է նախագահը:
Նախագահն ընդգծել է կնդանի շփման կարևորությունը էլեկտրոնային դարում։
«Ես վստահ եմ, և այստեղ ներկա վաստակավոր բազեականները դա կհաստատեն, որ դուք, անշուշտ, տուն եք վերադառնալու նոր ծրագրերով, տուն եք վերադառնալու ձեզ հետ տանելով լավ հիշողություններ, նոր մտերիմներ ձեռք բերած, և դա անհրաժեշտ է, որպեսզի դուք կարողանաք մնացած ժամանակահատվածն անցկացնել ձեզ համար ավելի օգտակար»,- ասել է Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ բոլոր ժամանակներում, առավել ևս մեր՝ երիտասարդության առջև ծառացած խնդիրները միշտ սուր են եղել, որովհետև երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ դեռևս չեն հասցրել կայանալ, լուրջ աշխատանքներ կատարել, դա այն տարիքն է, երբ երազանքներն ու ծրագրերն ավելի շատ են, քան կատարած աշխատանքը:
«Բայց, փառք Աստծո, երիտասարդությունը նաև այն սքանչելի ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դեռևս առջևում է: Երբեք չերկնչեք ծրագրեր իրականացնել: Նույնիսկ ամենահանդուգն ծրագրերն իրականանում են: Իրականանում են, եթե մարդը հաստատակամ է: Եղե՛ք համարձակ, և մենք միշտ պատրաստ ենք սատարելու ձեզ՝ ձեր ուսումնառության, ձեր առաջխաղացման գործընթացում»,- ընդգծել է Սարգսյանը:
Երկրի նախագահի խոսքով` սերնդափոխությունը բնության անքակտելի օրենք է: Տարիքով ավագներն ինչքան էլ դիմադրեն, միևնույն է, նրանք իրենց տեղը զիջելու են երիտասարդներին, և նրանք պատրաստ պետք է լինեք այդ տեղը զբաղեցնելու:
«Հորդորում եմ ձեզ՝ տրամադրվել Հայաստանում մշտապես ապրելու գաղափարին, և ձեր ծրագրերը կառուցել ու իրականացնել՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք առավել հաջողության կարող եք հասնել Հայաստանում: Պատրաստ եղեք այդ պատասխանատվությունն ստանձնելու և գործելու»,- հորդորել է նախագահը:
Նա հիշեցրել է, որ 25 տարի առաջ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը:
«Երբ ընդվունում էր Հռչակագիրը, համոզված էինք, որ մեր զավակներն ապրելու են ազատ, անկախ Հայաստանում: Եվ այսօր դուք այդ անկախության սերունդն եք, դուք այդ երեխաներն եք, որ հասակ եք առել, ավելի առնականացել եք, դարձել եք կանացի, և ես վստահ եմ, որ դուք աչքի լույսի պես եք պահելու և պահպանելու մեր անկախությունը: Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին»,- նշել է Սարգսյանը:
Նախագահը հորդորել է երիտասարդներին` միշտ հիշել, որ անկախությունը միայն երջանկություն չէ, անկախությունը միայն իրավունք չէ, անկախությունը նաև պարտականություն է և պատասխանատվություն:
«Եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ անկախությունը լավ բան է, բայց արի ես մի կերպ ճողոպրեմ բանակից, չպաշտպանեմ մեր սահմանը, եթե Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ անկախությունը շատ լավ բան է, և թող ուրիշները մեզ ձրի գազ տան, էժան գազ տան, իսկ մենք լինենք անկախ, եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ չնայած նրան, որ ամբողջ աշխարհում կան տնտեսական խնդիրներ, բայց մենք հայ ենք, Հայաստանի քաղաքացի ենք՝ Հայաստանում այդ խնդիրները չպետք է լինեն, ապա հավատացեք, որ մեր անկախությունը, մեր ազատությունը վտանգվելու է: Նորից եմ կրկնում՝ անկախությունը գին ունի, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել»- ընդգծել է նախագահը:
Սարգսյանը վստահեցրել է, որ եթե ժամանակին կարողանանք տանել դժվարությունները, եթե կարողանանք պաշտպանել ինքներս մեզ՝ մեզ հետ ոչինչ չի պատահի:
«Աշխարհի ամենից լավ բանը երիտասարդ լինելն է: Վայելե՛ք այս բնությունը, վայելե՛ք միմյանց ջերմությունը, մարտկոցի պես կուտակեք էներգիա, որպեսզի կարողանաք գնալ և լավ գործեր կատարել: Հաջողություն եմ մաղթում», — եզրափակել նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման ավարտին նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:
Սերժ Սարգսյանն այցելել է «Բազե-2015» հավաքի մասնակիցներին
© Официальный сайт Президента РАВстреча президента Армении Сержа Саргсяна с участниками молодежного сбора "Базе-2015"
Բաժանորդագրվել
Հանրապետության նախագահը ծանոթացել է «Բազե-2015» հավաքի շրջանակներում անցած օրերին կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբը