ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Թաիլանդի զինվորականները ոչ մի կապ չեն տեսնում Բանգկոկում կազմակերպված պայթյունի և միջազգային ահաբեկչության հետ, նրանք կարծում են, որ այն Չինաստանի զբոսաշրջիկներին չէր ուղղված։
«Գաղտնի ծառայություններն աշխատում են գործընկեր–երկրների նմանատիպ գործակալությունների հետ և նախնական եզրահանգման են եկել, որ դեպքը, դժվար թե, կապ ունի միջազգային ահաբեկչության հետ», – գործակալությունը մեջբերում է Թաիլանդի Խաղաղության և կարգուկանոնի պաշտպանության ազգային խորհրդի ներկայացուցիչ գնդապետ Վինթհայ Սուվարիի հայտարարությունը։ Սուվարիի խոսքով` «առաջնային նպատակը չինացիները չեն եղել»։
Բանգկոկի կենտրոնում օգոստոսի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը 20 մարդու կյանք է խլել, 123-ը վիրավորվել են, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում։ Ինքնաշեն ռադիոկառավարվող ռումբը տեղադրվել էր Amarin Plaza առևտրային կենտրոնի և Grand Hayatt Erawan հյուրանոցի մոտակայքում գտնվող հնդուիստական Էրավան (երեքգլխանի սուրբ փիղ) կուռքի տաճարի ցանկապատի մոտ այն պահին, երբ տաճարում բազմաթիվ այցելուներ էին եղել, մեծ մասը` զբոսաշրջիկներ էին` Չինաստանից, Սինգապուրից և Թայվանից։
Թաիլանդի իշխանությունները դիմել են Ինտերպոլին Բանգկոկի պայթյունն իրականացրած ենթադրյալ կասկածյալին հայտնաբերելու գործում աջակցելու խնդրանքով, ինչպես նաև հայտարարել են, որ մեկ մլն բատ (մոտ 28 հազար դոլար) պարգև կստանա նա, ով որևէ տեղեկություն կհայտնի հանցագործի մասին։ Տեղական ոստիկանության տեղեկատվության համաձայն, ահաբեկչությանը կարող մասնակցած լինել շուրջ 10 մարդ։