ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով զբաղվող շփման խումբը երկուշաբթի Մինսկում կայացած երկարատև բանակցությունների ընթացքում այդպես էլ չկարողացավ համաձայնեցնել գլխավոր փաստաթուղթը` տանկերը և մինչև 100 միլիմետր տրամաչափի հրետանային զենքը շփման գծից դուրս բերելու վերաբերյալ։
Սպառազինությունները դուրս բերելու շուրջ տարվող երկարատև բանակցությունները
Շփման խմբի և ենթախմբերի անդամների` ավելի քան 12 ժամ տևած բանակցությունների վերաբերյալ լրագրողները տարբեր աղբյուրներից հակասական տեղեկություններ էին ստանում։ Ժամանակ առ ժամանակ հաղորդվում էր, որ կողմերը մոտ են փաստաթղթի ստորագրմանը, և որ բանակցությունները ձախողվել են։
Կեսգիշերն անց որոշվել է, որ անվտանգության ենթախումբը կշարունակի բանակցությունները երեքշաբթի և, այնուամենայնիվ, կփորձի համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը։
Շփման խմբում ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը լրագրողներին չի ուրախացրել կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու մասին հաղորդմամբ, ասելով, որ անվտանգության ենթախումբը կշարունակի մինչև 100 մմ տրամաչափի տեխնիկան գծից հետ տանելու վերաբերյալ բանակցությունները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի աշխատանքը շարունակել վաղն առավոտյան, ժամը 10։00–ին։ Այդ աշխատանքը, ինչպես գիտեք, վերաբերում է տանկերը, մինչև 100 միլիմետր տրամաչափի հրետանային զենքը և մինչև 120 միլիմետր ականանետները դուրս բերելուն»,– ասել է Սայդիկը։
Շփման խմբի աղբյուրը հայտնել է, որ խոչընդոտ են դարձել շփման գծի չորս կետեր, որոնցից ուկրաինական կողմը մտադիր չէ զինտեխնիկա հետ տանել։ Իսկ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները պնդում են, որ նշված սպառազինությունը պետք է հետ տարվի շփման ամբողջ գծից։
Թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը, չի նշվում։ Միաժամանակ, բանակցություններին քաջածանոթ աղբյուրը Լուգանսկի տեղեկատվական կենտրոնին հայտնել է, որ ուկրաինական կողմը մտադիր է թողել սպառազինությունը Դոնեցկի, «Բախմուտկայի», Զոլոտոյի և Սչաստիեի մոտից։ «Այսինքն` այն վայրերում, որտեղ մինչ օրս գնդակոծություն է կատարվում»,– պարզաբանել է նա։
ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը լրագրողներին հայտնել է, որ երեքշաբթի անվտանգության ենթախմբի նիստում սպառազինությունները դուրս բերելու վերաբերյալ փաստաթղթի տեքստը կարող է նախապատրաստվել, բայց չի ստորագրվի։
Ավելի վաղ Պուշիլինը հայտնել էր, որ Դոնբասի հարցով զբաղվող շփման խումբը երեքշաբթի նիստ չի գումարի, կկայանա անվտանգության ենթախմբի նիստը։ Կարգավորման շփման խմբի հաջորդ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 26–ին։
«Միայն կարող է համաձայնեցվել (ենթախմբի նիստին` խմբ.)»,– ասել է Պուշիլինը։
Նա ավելացրել է, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ղեկավարները, ընդ որում` դա պարտադիր չէ անել անմիջապես ներկա լինելու ձևով։ «Կարելի է էլեկտրոնային կապի, էլեկտրոնային փոստի, ֆաքսի միջոցով»,– պարզաբանել է Պուշիլինը։
Վերականգնում և ականազերծում
Երկուշաբթի Մինսկում մարդասիրական բնույթի հարցերով որոշ շրջանակային պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մասնավորապես, էկոնոմիկայի ենթախումբը պայմանավորվել են փորձագետների այցի մասին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ջրամատակարարման օբյեկտներ։
ԵԱՀԿ ներկայացուցիչ Սայդիկի խոսքով, փորձագետները կայցելեն և կուսումնասիրեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ջրամատակարարումների երկու օբյեկտներ։ «Դրանց անխափան աշխատանքով հետաքրքրված են բոլոր կողմերը, քանի որ ջրամատակարարում են ապահովում շփման գծի երկու կողմերը»,– ասել է նա։
Տնտեսական հարցերի ենթախումբը պայմանավորվել է Դոնբասի երկաթուղային գծերի ականազերծման ժամանակացույցի մասին, այն պատրաստ կլինի հաջորդ շաբաթ։
«Տնտեսական հարցերի ենթախումբը քննարկել է և պայմանավորվածության է հասել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով։ Հաջորդ շաբաթ կմշակվի Նիկիտովկա–Մայորսկ երկաթուղային հատվածի ականազերծման և վերականգնման ժամանակացույցը»,– ասել է Սայդիկը։
Նա պարզաբանել է, որ տվյալ հատվածը կարևոր դեր է խաղում ածխի մատակարարման ապահովման հարցում։ ԵԱՀԿ ներկայացուցչի խոսքով, հատվածի վերականգնման աշխատանքներում կներգրավվեն բոլոր կողմերը, այդ թվում` Դոնեցկի երկաթուղին։
Դոնեցկի երկաթուղին
Պատրաստ են գերիների փոխանակմանը
Գերիների փոխանակման հարցը շփման խմբի յուրաքանչյուր հանդիպման ամենակարևոր հարցն է։ Վերջինը նույնպես բացառություն չէր։ Շփման խմբի բանակցություններում ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտնել է, որ ինքնահռչակ հանրապետությունները Կիևի հետ փոխանակման համար 17 ռազմագերի է պատրաստել։ «Տվյալ պահին ԼԺՀ–ում և ԴԺՀ–ում գտնվում է 45 ռազմագերի։ ԴԺՀ–ում` 40, որոնցից 12–ը պատրաստ է փոխանակման, 28–ը քննության փուլում են։ ԼԺՀ–ում բոլոր հինգը պատրաստ են փոխանակման»,– ասել է Պուշիլինը լրագրողներին բանակցությունների արդյունքներով։
Պուշիլինը հիշեցրել է, որ Մինսկի համաձայնագրերի ստորագրման պահից փոխանակման մի քանի փուլ է եղել։ «Ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմն ազատել է 287 մարդու, իսկ մենք ազատել ենք 317 մարդու»,– ասել է Պուշիլինը։
Նա ընդգծել է, որ ամբողջական փոխանակման կետի հաջող կատարման համար անհրաժեշտ է անցկացնել հարավ–արևելքի իրադարձություններին մասնակցած անձանց համաներում։
«Մեզ անհրաժեշտ է շարժվել անմիջականորեն դեպի այն կետի կատարումը, որն ասում է, որ անհրաժեշտ է ամբողջական փոխանակում, իսկ դրա համար պետք է սկսի գործել համաներման մասին օրենքը։ Առանց տվյալ օրենքի մեր համախոհներին, ովքեր Ուկրաինայի տարածքում քաղբանտարկյալներ են համարվում, գործնականորեն անհնար կլինի»,– ասել է Պուշիլինը։
Առանց քաղաքականության խաղաղություն չկա
Բանակցություններում ամենաբարդը քաղաքական հարցերն են` Դոնբասի առանձին շրջանների կարգավիճակը, այնտեղ տեղական ընտրությունների անցկացումը, Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունը։
Այս անդամ Լուգանսկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն ասել է, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու հարցը բաց է մնում, շփման խմբի քաղաքական ենթախումբը կշարունակի դրա քննարկումը։ «Այսօր նրանք աշխատում էին գործնականում միակ հարցի` հատուկ կարգավիճակի հարցի շուրջ։ Այդ հարցն այժմ չի հասել նույնիսկ ինչ–որ նախահամաձայնագրային կարգավիճակի։ Հարցը բաց է, կշարունակվի հետագա քննարկումը տեսակոնֆերանսի ռեժիմով։ Հույս կա, որ այդ հարցը կշարժվի մեռյալ կետից»,– լրագրողներին ասել է Դեյնեգոն բանակցությունների ավարտից հետո։
Դեյնեգոն կրկին նշել է, որ անհրաժեշտ է լուծել նաև այլ քաղաքական խնդիրներ` սահմանադրական բարեփոխումներ, Դոնբասի տեղական ընտրությունների անցկացման ձևաչափը։
«Առանց քաղաքական պատշաճ որոշումների ռազմական հարթության հարցեր լուծելու ցանկացած փորձերը ժամանակավոր են այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական լուծումները չեն հաստատի հրադադարի, սպառազինությունները հետ տանելու հաջողությունը և այլն»,– ընդգծել է նա։
Դոնբասում սպառազինությունները դուրս բերելու վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի
© Sputnik / Виктор Толочко
/ Բաժանորդագրվել
Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով զբաղվող շփման խումբն առայժմ համաձայնության չի եկել տանկերը, մինչև 100 միլիմետր տրամաչափի հրետանային զենքն ու մինչև 120 միլիմետր ականանետները դուրս բերելու վերաբերյալ