ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանի ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ադրբեջանական կայքերով առաջնորդվելուց, Sputnik-Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա հայտնած տվյալների` երեկ երկոյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը` թե′ արցախյան սահմանի, և թե′ Տավուշի մարզի հատվածում:
Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ մոտ 160 խախտում է տեղի ունեցել մինչ առավոտ, այդ թվում կիրառվել են 60 և 82 մմ ականանետեր, հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը որոշակի կորուստներ է կրել:
«Չնայած դրան` այս օրերին Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է վարում` կեղծելով հայկական կողմի, իբր, կորուստների փաստը, և շարունակ ապատեղակատվություն է տարածում: Հորդորում ենք դրան չտրվել, քանի որ մենք մշտապես տեղեկություններ ենք տարածում և առաջարկում ենք հակառակորդի տեղեկություններին չհետևել», — ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքերով` ինչ վերաբերում է հակառակորդին տված պատասխանին, ապա հայկական կողմի գործողությունները ոչ միայն լռեցնում են հակառակորդին, այլև ստիպում նրանց հետ քաշվել:
Նրա խոսքերով` հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունավետության մասին է վկայում նաև այն, որ ոտնձգությունները հակառակորրդի կողմից հաջողությամբ կասեցվում են:
«Ուղղակի այլ հարց է, թե հանրության մեջ, և հատկապես, այսպես կոչված, «որոշ փորձագետների» կողմից այդ էֆեկտիվությունը ինչպես է մեկնաբանվում: Եթե ոմանք կարծում են, որ միակ արդյունավետությունն այն է, որ հակառակորդը կապիտուլյացիա կնքի մեզ հետ, խաղաղություն ցանկանալով, ապա դա այնքան էլ այդպես չէ», — հավելեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։