Երևանի Հանրապետության հրապարակը պարահրապարակի է վերածվել. ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։
Ծրագրի մեկնարկը տրվեց ժամը 16:00-ին «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ միջոցառումը կմիավորի շուրջ 4000 պարողների։
Շուրջպարին մասնակցում էին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներ, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, հանրաճանաչ պարային խմբեր, ՀՀ մարզերում գործող պարային խմբեր, ինչպես նաև ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։
«Մենք Պեմզաշենից ենք եկել, շատ երկար ժամանակ ենք պատրաստվել այս օրվան»,- Sputnik Արմենիային ասացին պեմզաշենցի աշակերտները` հավելելով, որ 2-3 ամիս պարապել են Հանրապետության հրապարակում լավ պարելու համար։
Ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանին հարող տարածքում պարային ֆլեշմոբեր կանցկացվեն։
Պարի միջազգային օրը Երևանում. ի՞նչ է կատարվում Հանրապետության հրապարակում
© Sputnik
«Արի՛ պարի» կարգախոսով միջոցառումները կավարտվեն Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: