Մարզերում մասնագետներով ապահովելու տեմպերը չեն բավարարում պահանջարկը. Անահիտ Ավանեսյան

Նախարարի խոսքով` նպատակային օրդինատուրայի ծրագիրը շարունակական է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մինչև հուլիս կամփոփվի առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների շահագործման հանձնելու ծրագրի մի փուլը, որի շրջանակում պատրաստ կլինեն 24 բժշկական հաստատություն և 11 ամբուլատորիա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
«Ամիսների ընթացքում` մինչև տարվա ավարտ, մենք կիրականացնենք 50-ի մեր խոստումը»,- վստահեցրեց գերատեսչության ղեկավարը։
Նախարարի անդրադարձավ մարզային բժշկական կենտրոններին` նշելով, որ, օրինակ, Սիսիանի բժշկական կենտրոնն այժմ գտնվում է շինարարության և գույքով հագեցման փուլում։
«Կենտրոնն ունի ռազմավարական նշանակություն և լինելու է գերհագեցած։ Այնտեղ ներդրվելու են նոր ծառայություններ, այդ թվում՝ սկրինինգային ծրագրեր, վիրահատական միջամտություններ և համակարգչային շերտագրում։ Ավելին` նախատեսվում է մեկ տարվա ընթացքում կենտրոնում հիմնել նաև ինվազիվ սրտաբանական ծառայություն»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ մարզային բժշկական կենտրոններում այսօր նկատվում է բուժառուների աննախադեպ հոսք։ Ըստ նրա՝ սա վկայում է թե՛ բժշկական ծառայությունների հասանելիության, թե՛ հանրության վստահության աճի մասին։ Ավանեսյանն ընդգծեց, որ նպատակն է ապահովել ծառայությունների այնպիսի ծավալ, որ քաղաքացին ստիպված չլինի գալ մայրաքաղաք.
«Տվյալ մարզի շրջանակում հասանելի և մեր ծառայությունների ծավալի մեջ մտող ամբողջական հատվածը պետք է կարողանանք ապահովել հենց մարզում։ Ամեն մարզում հասանելի կլինի մամոգրաֆիկ ծառայություն՝ նախկինում առկա բացը լրացնելով շարժական սարքավորումների միջոցով»,– ասաց նա։
Ոլորտի պատասխանատուի խոսքով` մասնագետների՝ դեպի մարզեր հոսքի դրական դինամիկա կա. նորակառույց ու վերազինված կենտրոններն այսօր գրավիչ են դարձել երիտասարդ կադրերի համար։ Միաժամանակ նախարարը նշեց, որ նպատակային օրդինատուրայի ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ մասնագետներով ապահովելու ներկայիս տեմպերը դեռևս ամբողջությամբ չեն բավարարում առկա պահանջարկը։
ԲԿ–ների տնօրենների հաշիվների հսկողության մեխանիզմ է մշակվում. Անահիտ Ավանեսյան