ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Պեկինը պատրաստ է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ կատարելագործել գլոբալ կառավարումը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նա շնորհավորական նամակ է հղել ՇՀԿ-ի կանաչ և կայուն զարգացման համաժողովի մասնակիցներին։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ Շանհայի ոգին առաջ մղելու համար, խթանելու գլոբալ բնապահպանական կառավարման համակարգի կատարելագործումը և համատեղ ուժերով կառուցելու մաքուր, գեղեցիկ և կայուն աշխարհ»,– հայտարարել է Չինաստանի առաջնորդը։
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը հետևողականորեն գնում է կանաչ զարգացման ճանապարհով՝ շրջակա միջավայրի պաշտպանության առաջնահերթությամբ, ակտիվ մասնակցություն ունենալով գլոբալ էկոլոգիական քաղաքակրթության կառուցմանը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում ՇՀԿ–ին պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: