ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան–Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Կարսում։
«Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Երևանում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը՝ այն անվանելով «պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին»։
Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։
2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։