Դավիթ Տոնոյանը սատարում է առաջադրված ուժերից մեկին, բայց ոչ իշխանությանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը. Արխիվային լուսանկար
Նախկին նախարարի խոսքով` եթե իր դեմ հարուցված քրեական գործը չլիներ, ապա ինքը կմասնակցեր ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ցանկություն այս պահին չունի։ Այս մասին դատական նիստից առաջ Տոնոյանն ասել է 24news.am-ին։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026–ի հունիսի 7–ին։ Դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել 19 ուժ։
«Այս փուլում չմասնակցելու որոշում ունեմ, քանի որ դեռևս դատաքննության փուլում եմ ու պետք է բանսարկությունը, որը փաթաթվել է իմ վրա, դրանից ձերբազատվեմ»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ նա չհերքեց, որ եթե քրեական գործը չլիներ, ապա հնարավոր է՝ մասնակցեր ընտրություններին։ Տոնոյանը հավելեց, որ առաջադրված ուժերի մեջ կա քաղաքական թիմ, որին սատարում է, սակայն չմանրամասնեց, թե ում մասին է խոսքը։
«Դուք ինձ հիմա ուզում եք հարցնել՝ իշխող ուժն է՞. ասեմ՝ ոչ, իշխող ուժը չէ»,– շարունակեց Դավիթ Տոնոյանը։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որին երեկ գիշեր կալանավորել են, Տոնոյանը նշեց, որ նա հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի լավագույն ղեկավարն էր։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Դավիթ Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում են շուրջ 4,6 մլն դոլար յուրացնելու համար։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։