ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Վրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։
23 կմ ավտոմոբիլային մայրուղու և Խաչի լեռնանցքում 9 կմ թունելի կառուցման նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2025 թվականին, սակայն ժամկետը փոխվել է։
«Շինարարությունն ակտիվ փուլում է։ Ամռանն արդեն բաց կլինի նախագծի մի հատվածը` դեպի Գուդաուրի տանող ճանապարհը։ 9 կմ երկարությամբ թունելի կառուցումն արդեն ավարտված է, տարածաշրջանում ամենաբարձր` 166 մետրանոց կամրջի շինաշխատանքները շարունակվում են»,– ասել է Սոխաձեն։
Նա նշել է, որ նախագիծն իրականացվում է եղանակային և ռելիեֆային բարդ պայմաններում։
Հիշեցնենք` Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։
Նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:
Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:
Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:
Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:
Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։