ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է ամենամյա բժշկական զեկույցը, ըստ որի՝ քաղաքական գործիչը հաջողությամբ անցել է վաղ փուլում հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղի բուժումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթի համաձայն` 2024 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն ենթարկվել էր շագանակագեղձի բարորակ գոյացության վիրահատության և դրանից հետո գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո: Մագնիսառեզոնանսային պլանային հետազոտության արդյունքում հայտնաբերվել էր կասկածելի բնութագրերով՝ մեկ սանտիմետրից փոքր չափերով գոյացություն։
Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առանց մետաստազների փուլի մասին է։ Բժիշկները առաջարկել էին երկու տարբերակ՝ դինամիկ դիտարկում կամ ճառագայթային բուժման անցկացում։ Վարչապետն ընտրել էր բուժումը, որը, ինչպես նշվում է, ավարտվել է լիակատար հաջողությամբ. գոյացությունն ամբողջությամբ վերացել է, ինչը հաստատվել է հետազոտությունների արդյունքներով:
Ինքը՝ Նեթանյահուն, սոցիալական ցանցերում հայտնել է, որ խնդրել է երկու ամսով հետաձգել զեկույցի հրապարակումը, որպեսզի դա չհամընկնի Իրանի հետ ռազմական գործողությունների ժամանակահատվածի հետ և չօգտագործվի Իսրայելի դեմ քարոզչական նպատակներով: