ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։
Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.
«Ես այլ առիթներով ասել եմ ու նորից կրկնում եմ` մի խաթարեք օրվա խորհուրդը»։
Հանրային հեռուստատեսությունը չցուցադրեց կաթողիկոսի այցը և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը։
Նշենք, որ այսօր նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
© Sputnik
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։