ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Կիպրոսը պաշտպանության ոլորտում ստորագրել են երկկողմ, Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը` եռակողմ համագործակցության տարեկան ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 22-ին Կիպրոսում տեղի են ունեցել ՀՀ-Կիպրոս երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։