ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիների 64%-ը համակրանքով է վերաբերվում Վլադիմիր Լենինի անձին։ Այս մասին են վկայում Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրվա առթիվ անցկացված հարցման արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերլուծական բաժնին։
Լենինի նկատմամբ անձնական վերաբերմունքի ինդեքսը կազմել է 56 միավոր՝ 100-ից, 2016թ․-ին այս ցուցանիշը 55 միավոր էր։ Խորհրդային պետության հիմնադիրը համակրանք է առաջացնում ռուսաստանցիների 64%-ի մոտ, 20%-ը նրա նկատմամբ հակակրանք ունի։ Հարցվածների 16%-ը կարծում է, որ Վլադիմիր Լենինը գործել է ի շահ ռուսական հասարակության, 27%-ի կարծիքով՝ ի շահ մեծամասնության, 13%-ի կարծիքով՝ փոքր խմբի շահերից ելնելով։
Վլադիմիր Լենինի պատմական աջակցության ինդեքսը կազմել է 54 միավոր՝ 100-ից, 2016 թ․-ին այս ցուցանիշը հավասար էր 49 միավորի։ Հարցված 10 մարդուց 4–ը (40%) համոզված են, որ Լենինի գործունեությունը Ռուսաստանին ավելի շատ օգուտ է բերել, 18%-ը կարծում է, որ ավելի շատ վնաս է տվել։
«ՎՑԻՈՄ – Sputnik» համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է ապրիլի 10-ին՝ 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ 95% հավանականությամբ առավելագույն սխալը չի գերազանցում 2,5%-ը։
Վլադիմիր Իլյիչ Լենինը (Ուլյանով) ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին Սիմբիրսկում (այժմ՝ Ուլյանովսկ), հետագայում հիմնադրել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկների) կուսակցությունը և դարձել Խորհրդային սոցիալիստական պետության հիմնադիրը։