Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտը հայ գործընկերներին կներգրավի ՌԴ կրթության և գիտության նախարարության նախագծում, որն ուղղված է տարբեր լեզուների համար խոսքը տեքստի փոխակերպող մոդելների ստեղծմանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը։
Վերջերս գիտնականն արժանացել է «Oganesson» մրցանակի, որը սահմանել է հայազգի հռչակավոր ֆիզիկոս, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար Յուրի Օգանեսյանը։
Մրցանակը շնորհվում է 2023 թվականից։ Այն սահմանելու համար Օգանեսյանը հատկացրել է 20 մլն ռուբլի, որը 2022 թվականին ստացել էր որպես Սբերի գիտական մրցանակ։ Հարություն Ավետիսյանը դափնեկիր է դարձել 2026 թվականին՝ վստահելի արհեստական բանականության զարգացմանն ուղղված աշխատանքների համար։
Երկու հայտնի գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2013 թվականին Երևանում, որտեղ նշվում էր Յուրի Օգանեսյանի 80-ամյակը։
«Նրա հետ շփումը ոչ միայն նոր տպավորություն է, այլև նոր գիտելիք։ Նման մասշտաբի մարդիկ առանձնահատուկ կարևորություն ունեն հասարակության համար»,- ասում է Ավետիսյանը։
Speech-to-text հայերենի համար
Մի քանի տարի առաջ ՌԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի աջակցությամբ Երևանի Հայ-ռուսական համալսարանում ստեղծվեց համակարգային ծրագրավորման լաբորատորիա։ Այսօր այն միավորում է դասախոսների, հետազոտողների և ուսանողների, որոնք զբաղվում են ԱԲ-ի, կոմպիլյատորային տեխնոլոգիաների և անօդաչու համակարգերի արդիական խնդիրներով։ Այս աշխատանքի արդյունքներից մեկը հայերեն խոսքի ճանաչման համակարգն է, որն արդեն գործնական կիրառություն է գտել. դրա օգտագործման լիցենզիան վերջերս վաճառվել է հայկական բանկերից մեկին։
«Համալսարանի գործընկերների հետ նախատեսում ենք մասնակցել ՌԴ ԿԳՆ դրամաշնորհային ծրագրին, որը նվիրված է հայերենի, վրացերենի, յակուտերենի և մի շարք այլ լեզուների համար խոսքի ճանաչման մոդելների մշակմանը։ Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար նման լեզուները, որպես կանոն, առաջնահերթություն չեն, ուստի հենց պետական և ակադեմիական աջակցությունն է այստեղ առանցքային դեր խաղում»,- նշում է ակադեմիկոսը։
ԱԲ համակարգերի «կմախքը»
AI մոդելներ ստեղծելիս ծրագրավորողները հաճախ օգտագործում են ֆրեյմվորքեր՝ գործիքների պատրաստի հավաքածուներ, որոնք հեշտացնում են մեքենայական ուսուցման համակարգերի մշակումը։ Ըստ էության, սա ապագա համակարգի կմախքն է, որին հենվում է մշակողը։ Սակայն եթե այդ կրող կառույցում սխալներ, խոցելի կետեր կամ թաքնված թերություններ կան, դրանք օրինաչափորեն կփոխանցվեն վերջնական պրոդուկտին։ Հենց այդ պատճառով ինստիտուտում վերլուծում են գրադարաններն ու մեքենայական ուսուցման ֆրեյմվորքերը ստատիկ և դինամիկ անալիզի մեթոդներով։ Այդ գործիքները թույլ են տալիս գտնել խոցելի կետերը, որոնք այնուհետև կարող են արտահայտվել արդեն վերջնական պրոդուկտում և լուրջ հետևանքների հանգեցնել։
«Նույնիսկ այնպիսի հայտնի լուծումներ, ինչպիսիք են TensorFlow-ն և PyTorch-ը, չափազանց բարդ ծրագրային համակարգեր են։ Երբ մենք այդպիսի ֆրեյմվորքների և սրանց հետ կապված բաղադրիչների նկատմամբ կիրառում ենք մեր վերլուծության միջոցները, տասնյակ սխալներ են հայտնաբերվում։ Զուգահեռաբար ՌԳԱ ՀԾԻ-ում ստեղծվել են մեքենայական ուսուցման հայտնի գործիքների վստահելի տարբերակները՝ TrustTorch-ը և TrustFlow-ն, որտեղ արդեն ուղղվել է համապատասխանաբար ավելի քան 50 և 33 սխալ»,-ընդգծում է Հարություն Ավետիսյանը։
Ջրանիշներ ԱԲ տեսանյութերի վրա
Ինստիտուտի աշխատանքի մյուս ուղղությունը ԱԲ հարթակների համար նախատեսված համակարգն է, որն ինքնուրույն ջրանիշներ է դնում ստեղծված պատկերների և տեսանյութերի վրա։ Դա պետք է այնպես արվի, որ մի կողմից ջրանիշն աննկատ լինի և չխանգարի օգտատիրոջը, բայց մյուս կողմից կայուն լինի հնարավոր հարձակումների նկատմամբ։ Գիտնականի խոսքով՝ այդ խնդրի արդիականությունն աճելու է, քանի որ գեներացված բովանդակությունն ավելի ու ավելի քիչ է տարբերվում իրականից։
«Մեր մշակած մոդելում մենք ուզում ենք նաև հետագծելիություն ապահովել, որպեսզի ջրանիշի միջոցով հնարավոր լինի պարզել, թե ով և որ հարթակում է գեներացրել պատկերը»,- ասում է Ավետիսյանը։
Այս նախագիծը Համակարգային ծրագրավորման ինստիտուտն իրականացնում է ՌԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի՝ Ռուսաստանի խոշորագույն մաթեմատիկական կենտրոններից մեկի, ինչպես նաև արդյունաբերական գործընկերների հետ համատեղ՝ Վստահելի ԱԲ կենտրոնի շրջանակում։