ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը քրիստոնյաներից ներողություն է խնդրել ՑԱԽԱԼ–ի զինվորի արարքի համար։
«Լիբանանի հարավում քրիստոնեական կրոնական խորհրդանիշի ոչնչացումը վտանգավոր և ամոթալի է։ Ողջունում եմ ՑԱԽԱԼ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք դատապարտում են այդ միջադեպը, և որ հետաքննություն է սկսվել տվյալ փաստով։ Վստահ եմ, որ այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են այս ամոթալի արարքը, անհրաժեշտ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,– գրել է Սաարը Х սոցցանցում։
Նա վստահեցրել է, որ Իրայելը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները և ձգտում է ամրապնդել կրոնների հետևորդների շրջանում հանդուրժողականության և հարգանքի արժեքները։
«Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի և քրիստոնեական զգացմունքներին հասցված ցանկացած վնասի համար», – նշել է իսրայելցի նախարարը։
Հիշեցնենք` ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ–ները լուսանկար էին հրապարակել, որում իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային Դիբել բնակավայրում կոտրում է Քրիստոսի արձանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը իսրայելցի զինվորական է։