ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իրանի իշխանությունները Վաշինգտոնին հարստացված ուրան չեն ուղարկի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հնարավոր փոխանցման մասին վաղ հայտարարություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն արևմտյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել Իրանի հետ լայնածավալ համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Թեհրանն իբր համաձայնել է ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը և պարտավորվել է երբեք չփակել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը: Թրամփը նաև հայտարարել է Իրանի հետ համատեղ ԻԻՀ տարածքում հարստացված ուրան արդյունահանելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին՝ այն հետագայում Ամերիկա տեղափոխելու համար:
Իրանի փոխարտգործնախարարը Թուրքիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տված հարցազրույցում ընդգծել է, որ երկիրը չի ծրագրում հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին:
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ հարստացված նյութերը Միացյալ Նահանգներ չեն ուղարկվի... Սա անընդունելի է։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ, չնայած նրան, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած մտահոգություն, մենք չենք ընդունի անընդունելի տարբերակներ», - ասել է Խաթիբզադեն։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:
Խաթիբզադեն հավելել է, որ Իրանը ձգտում է ավարտին հասցնել «շրջանակային համաձայնագիրը»՝ նախքան առերես հանդիպումը:
«Մենք դեռ պատրաստ չենք իրական հանդիպման, քանի որ կան հարցեր, որոնց շուրջ ամերիկացիները դեռ չեն հրաժարվել իրենց մաքսիմալիստական դիրքորոշումից», - ասել է նա:
Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակներում Հորմուզի նեղուցի համար նոր արձանագրություն կներդրվի, և այն բաց և անվտանգ կմնա քաղաքացիական նավագնացության համար:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: