Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը

Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված 14 քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը հայտնի է։
Այսօր ավելի վաղ կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել։

«Քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,–Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։
Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։