«Ազատությո՛ւն», «Մի՛ բրթեք, ոստիկաններ»․ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ երթ է

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ աջակիցները երթով հասել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։
Երթի ընթացքում աջակիցները, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները վանկարկում են՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն հանուն արդարության», «Սամվել վարչապետ», «Ազատությո՛ւն»։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է երթը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ին փոփոխություններ են պետք, իսկ դրա համար պետք է նաև, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա շփվել իր կողմնակիցների հետ։
«Դրա արդյունքում էլ մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։ Մենք հոգնել ենք այս աղքատության մեջ մեր երկիրը տեսնելուց, ինչպես նաև հոգնել ենք, որ իշխանությունը ժամերով անհարգալից արտահայտություններ է հնչեցնում ընդդիմության հասցեին։ Ոչ մի բան չեն անում մարդկանց վիճակը բարելավելու համար»,- ասաց Կարապետյանը։
Նա նաև հայտնեց, որ ոստիկանական մեքենաները, որոնք ամբողջ Թբիլիսյան խճուղու երկայնքով տեղակայվել են մայթերի մոտ, հենց իրենք են արտադրել ու նվիրել պետությանը։ Ընդգծեց՝ հենց այդ մեքենաներից մեկով էլ Սամվել Կարապետյանին բերել են դատարան։
Գրեթե դատարանի մոտ՝ ժողովրդի և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Բարձրախոսով պարբերաբար կուսակցության աջակիցներից մեկը հորդորում էր չտրվել սադրանքների, չհրմշտել իրար՝ դիմելով և՛ ոստիկաններին, և՛ երթի մասնակիցներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 17 մարդ։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։