Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026. հայտնի է միջոցառումների ժամանակացույցը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ:
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված՝
Ծառատունկ և պուրակի հիմնում ( ժամը 10:30)
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման ասուլիս (ժամը 12:30)
ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդես (ժամը 16:30)
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարում (ժամը 18:00)
Բացման պաշտոնական արարողություն, գալա-համերգ ( ժամը 19:00)
Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների (Ռւսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան) պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: