ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Հրապարակման մեջ նշվում է, որ սա վերջին վեց շաբաթվա ընթացքում արտասահմանից Իրանին մարդասիրական օգնության առաջին մատակարարումն է: Բեռը նախօրեին 14 ավտոմեքենայով տեղափոխվել է Հորդանանի պահեստից։ Օգնությունը նախատեսված է 25 հազար մարդու համար, ներառում է վերմակներ, պահածոներ, խոհանոցային պարագաներ, բրեզենտ, հիգիենայի հավաքածուներ, արևային էներգիայով աշխատող լամպեր, դույլեր և ներքնակներ:
ԿԽՄԿ-ն նաև հայտնել է, որ պատրաստում է բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որն առաջիկա շաբաթներին կուղարկվի Իրան:
«Դրանից բացի, տեղում ձեռք բերված 200 գեներատոր և 100 էլեկտրական պոմպեր նվիրաբերվել են Իրանի կարմիր մահիկի ընկերությանը՝ նրանց օգնության և փրկարարական գործողություններին աջակցելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։