ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Իրանի իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
«Ներկայում իրանական իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Պետական և ռազմական կառավարման համակարգը գործում է կայուն»,-նշել են ՌԴ Անվտանգության խորհրդում։
ՌԴ ԱԽ-ում արձանագրել են, որ Իրանում չեն նկատվում հուզումներ և ներքին անկարգություններ, որոնց հույսն այդքան ունեին Վաշինգտոնում և Թել Ավիվում։
Ընդհակառակը` ԱՄՆ-ի և Իսրայելի ներխուժման ֆոնին Իրանի տարբեր սոցիալ-քաղաքական խմբերը համախմբվել են կենտրոնական իշխանության շուրջ, իսկ առավել արմատական ընդդիմադիր ուժերն անցել են խորը ընդհատակ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: