ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը լուրջ բանակցություններ է վարել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հետ, և արդեն մոտ են եղել դաշինք կազմելուն, բայց շրջադարձ է տեղի ունեցել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած «Հայ ազզգային կոնգրես» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։
«Շրջադարձն այն է, որ մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին։ Մենք երկու տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծեինք բևեռ, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր այլընտրանքը կլիներ։ Եթե ստեղծվեր «Ուժեղ Հայաստանի» հետ այդ դաշինքը, ապա Հայաստանում տեղի կունենար մի կարևոր էֆեկտ, որը ես կանվանեի հեղափոխական էֆեկտի վերելք, և դա կարևոր ազդակ կլիներ հատկապես չկողմնորոշված մարդկանց համար»,– նշեց Զուրաբյանը։
Նրա խոսքով` «Ուժեղ Հայաստանի» հաշվարկները, ըստ էության, ինչ–որ պահից այլ ուղղությամբ գնացին, այսինքն` այլ ստրատեգիայի` ընտրական տեխնոլոգիաների կիրառման կողմնակից եղան։ Զուրաբյանը վստահեցրեց, որ հարգում են նրանց որոշումը, հաջողություն են մաղթում, քանի որ, ի վերջո, նույն գործն են անում Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար։
ՀԱԿ փոխնախագահն անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե իրենք ընտրություններին ձայներ են փոշիացնելու և Փաշինյանին չեն կարողանալու հաղթել։
«Հիմա հիմնականում խոսում են Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի երեք մեծ ճամբարների մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ` այդ քաղաքական ուժերից մեկ ձայն անգամ չենք կարողանալու տանել, եթե տանենք, դրանք լինելու են բացառություններ։ Ձայները տանելու ենք այն մարդկանցից, որոնք իսկապես ցանկանում են ու հավատում են խաղաղության օրակարգին, որը խադախությամբ, կեղծ մանիպուլյացիաներով այսօր փորձում է առաջ տանել Նիկոլ Փաշինյանը»,– ընդգծեց Զուրաբյանը։
Նա համոզված է` Փաշինյանը խաբում է ժողովրդին, երբ ասում է` եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի` իրականում հենց Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն է պատերազմի կուսակցությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։