Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» արձակման կայաններին

Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանի ութ շրջաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահ» շարժման արձակման կայաններին։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» արձակման կայաններին»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։