Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցը կրկին օրակարգում է

Անցյալ տարի հայտնի դարձավ, որ դատարանը որոշում է կայացրել ավելի խստացնել Առուշանյանի պատիժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Վճռաբեկ դատարանի ֆեյսբուքյան էջից։
«Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,- նշված է փաստաթղթում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ընդդատությունը, և կոնկրետ դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու հարցը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։
Հիշեցնենք՝ 2025թ․ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ Հանցանքների համակցման կանոններով՝ վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը՝ նախկին 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման փոխարեն։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ են ներկայացվել, դրանից մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել։
Քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։