ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանում Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Ակցիա գլխավոր դատախազության դիմաց
© Sputnik
Դպրոցականները դատախազության մոտ էին եկել «Ազատություն Դավիթին», «Ազատություն մեր ընկերոջը» գրությամբ պաստառներով։ Նրանք նաև դիմում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունով։
Ակցիա գլխավոր դատախազության դիմաց
© Sputnik
«Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և այս պահին նա հիվանդանոցում է։ Նրա կյանքը և առողջությունը իրական վտանգի մեջ են, և բժիշկների մշտական հսկողության կարիք ունի։ Այս իրավիճակում նրա նկատմամբ ընտրված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց, Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է»,- ասված է դիմումի մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ 30-օրյա ժամկետում կպատասխանեն դիմումին։ Դասընկերներից մեկը նշեց` դիմումը հանձնելով հույս ունեն, որ դատախազը հաշվի կառնի մարդասիրական գործոնը՝ ելնելով առողջական վիճակից։
Դավիթ Մինասյանի դասընկերը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում այլ ակցիա նույնպես կիրականացնեն։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։