Դավիթ Մինասյանին շարունակում են հետազոտել, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է. պաշտպան

Բժիշկները վստահեցրել են, որ Դավիթ Մինասյանն իրենց վերհսկողության ներքո է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են հերթական հետազոտության, որը դեռևս շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռևս շարունակվում են, այս պահին պատասխանները չկան։ Բժիշկները մեզ ասացին, որ Դավիթն իրենց հսկողության տակ է»,- ասաց Էլբակյանը։
Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Փաստաբանները երեկ գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել են, որ փոխվի Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։