ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ քննիչ Հակոբ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից։
Ավելի վաղ ArmLur.am–ը տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև Սուրբ Աննա եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանը խախտել է խուզարկության կատարման կարգը, թույլ է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին մուտք գործել խուզարկության վայր։
Բացի այդ, ըստ ՔԿ–ի, զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկում է տեղի ունեցել, խախտվել են համազգեստ կրելու կանոնները, որի հետևանքով Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
«Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։