ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մեր դիրքորոշումները, տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները, և պայմանավորվել ենք շարունակել քննարկումները։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ` Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև ընդհակառակը` մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել ՌԴ շահերին»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց Երևանը չի պլանավորում և չի ուզում գնալ այդ ճանապարհով։
Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։