Ձայնագրությունը մոնտաժած է. «Ուժեղ Հայաստանը»` Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին

Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, ինչն անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Սոցցանցում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` արձագանքելով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին, 5 անձ ձերբակալվել է։
«Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,–հայտնել է նա։
Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։