ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
«Մարտի 26-ին Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը»,–ասաց Շահնազարյանը։
Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։
Այս պահին դժվար է ասել հայ համայնքի` Նոր Ջուղայի մշակութային ժառանգությունը տուժել է, թե ոչ։
«Սպահան քաղաքում է գտնվում Ամենափրկիչ վանքը և մյուս հայկական եկեղեցիները, անգամ դպրոցի հին շենքերը, հին տները, առաջնորդարանի շենքը, գրադարանը, Մատենադարանը համարվում են պատմամշակութային ժառանգություն։ Եթե դրանցից որևէ մեկը վնասված լիներ, հաստատապես իրանական մամուլը անմիջապես կարձագանքեր։ Կարելի է ենթադրել, որ դրանք վնաս չեն կրել»,–ասաց նա։
Շահնազարյանը հավելեց, որ զոհվածը Իրանի քաղաքացի է, սակայն նրա տարիքի, մասնագիտության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: