ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ, որոշեց բավարարել քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանի միջնորդությունը և ևս 1 ամսով երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Տեղեկությունը դատարանի բակում հայտնեց Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը` նշելով, որ այս որոշումն ուղիղ միջամտություն է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Մենք ունենք իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից նախընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլում, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից, մենք արդեն ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, եթե չասեմ խաթարման ռիսկ»,–հայտարարեց Վարդևանյանը։
Նա նշեց, որ Կարապետյանին արգելված է նույնիսկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ ունենալը, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նախընտրական շրջանում մրցակիցների հետ։
Տնային կալանքի պայմաններում սահմանափակված են նաև Սամվել Կարապետյանի շփումները` բացառությամբ ընտանիքի անդամների ու մերձավոր ազգականների։
Իր եղբորորդու` Նարեկ Կարապետյանի հետ, օրինակ, Սամվել Կարապետյանը հանդիպելու իրավունք չունի։
Պաշտպանը հայտնեց, որ որոշումը ստանալուն պես այս դատական ակտը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
Նշենք, որ նիստը մեկնարկել էր մարտի 13–ի 12։00-ից, դրանից 7 ժամ անց մոտ 1 ժամով ընդմիջվել ու վերսկսվել ժամը 20։00-ին։ Վճիռը հրապարակվեց 12,5 ժամ հետո։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։