ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ին բերման են ենթարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ ժամը 15:30-ից դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը:
«3 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում»,- նշեց Սարգսյանը:
Նշենք, որ բազմաթիվ համախոհներ արդեն մի քանի ժամ է` հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
Տեղում նաև ուժեղացված ոստիկանական ծառայություն է իրականացվում:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։