ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«ԿԸՀ-ն սահմանել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։
Նշվում է, որ որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին։ Դրա համաձայն՝ հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։