ՀՀ իշխանությունը ընտրություններից 10 օր առաջ ցանկանում է մեծ շքերթ անցկացնել. «Հրապարակ»

Թերթի տեղեկություններով` պաշտպանության նախարարությանը հրահանգվել է հավաքագրել զորամասերի բարետես զինվորներին, նաև կին զինծառայողների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները պատրաստվում են ընտրություններից ընդամենը 10 օր առաջ` մայիսի 28-ին, մեծ շքերթ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ PR նպատակներով է իրականացվում, չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մենք ահռելի նահանջել ենք անկախության կարգավիճակից: Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, և այդ շքերթը ևս դրան է ուղղված` հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժևորում է մեր հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը և պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի»,– գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի` շքերթին սկսել են նախապատրաստվել դեռևս դեկտեմբերից, պաշտպանության նախարարությանը հրահանգվել է հավաքագրել զորամասերի բարետես զինվորներին, նաև կին զինծառայողների։ Թերթի տեղեկություններով` արդեն սկսել են նույնիսկ շքերթի փորձեր անել։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։