ՔՊ–ի փրայմերիզը ոչ թե ժողովրդավարական գործընթաց է, այլ նվիրվածության ստուգում. Սուրենյանց

Քաղաքական մեկնաբանի խոսքով` ՔՊ–ի փրայմերիզի արդյունքները ցույց տվեցին, որ կրկին իշխանության գալու դեպքում թեժ մրցակցություն է լինելու ԱԺ նախագահի պաշտոնի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ ոչ թե ժողովրդավարական փրայմերիզ է, այլ դրա իմիտացիան։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ՔՊ–ի ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության արդյունքներին։ Նրա խոսքով՝ աշխարհում փրայմերիզներն ուղեկցվում են նախընտրական ծրագրերի և տեսլականների բախմամբ։
Ըստ հրապարակված տվյալների՝ ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությանը մասնակցել է 1028 կուսակցական, 96 քվե անվավեր է ճանաչվել։ Առաջին հորիզոնականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստացել է 894 քվե (38 անձ չի ընտրել նրան. խմբ․), երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է (780), 3-րդում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը (765), 4-րդում` արտգործնախարար Արարատ Միրզոյանը (743), 5-րդում` ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (697)։

«ՔՊ-ինը ֆորմալիստական միջոցառում էր, որը ցույց տվեց իշխանության մեջ ուժերի հարաբերակցությունը, չէ՞ որ ՔՊ-ն հիմա իշխանություն է։ Անզեն աչքով տեսանելի է, որ շատ հաստատուն չեն Ալեն Սիմոնյանի դիրքերը (նա 9-րդ տեղում է. խմբ)։ Թեպետ առաջին տասնյակում է, բայց այս արդյունքները ցույց տվեցին, որ կրկին իշխանության գալու դեպքում ՔՊ–ում թեժ մրցակցություն է լինելու ԱԺ նախագահի պաշտոնի համար։ ՔՊ-ում իր դիրքերը զիջել է «ծերակույտը». խոսքս Անդրանիկ Քոչարյանի, Գագիկ Մելքոնյանի և մյուսների դերակատարության մասին է, որոնք հիմա առաջին 50-յակում էլ չկան»,– ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` միամտություն է մտածել, թե իշխող ուժի գործողությունները ժողովրդավարական քայլեր են. ՀՀ–ն երկիր է, որտեղ քաղբանտարկյալներ կան։ Ըստ քաղաքագետի՝ այս փրայմերիզը զուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ անձնական նվիրվածության ստուգում է։
«Անահիտ Ավանեսյանը, որը նույն պատվիրակների կողմից վերջերս չկարողացավ ընտրվել վարչության անդամ, հիմա առաջին կին թեկնածուն է։ Հետևաբար հասկանալի է, որ Անահիտ Ավանեսյանի առաջխաղացումը կապված է վարչապետի բոլոր տեսակի նախաձեռնություններն ամեն ձևով պաշտպանելու հետ. օրինակ՝ առողջապահության նախարարը պարեց վարչապետի հետ և այլն։ Սա ցուցիչ է, որով գնահատվում է Նիկոլ Փաշինյանի հանդեպ անձնական հավատարմությունը, այսինքն՝ սրանք ժողովրդավարական ընտրություններ չեն»,– ընդգծեց Սուրենյանցը։
Քաղաքական մեկնաբանը, դիտարկելով ՔՊ–ի փրայմերիզի առաջին տասնյակին, եզրակացրել է, որ համեստ ցուցանիշներ ունեն այն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի սկսած վերջին նախընտրական գործընթացներին ակտիվ չեն մասնակցել։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։