Ովքե՞ր են ՔՊ–ի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականներում. քվեարկության արդյունքները

Հերթական ընտրություններին 4 ամսից քիչ ժամանակ է մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկն ավարտվել է, և ՔՊ–ն հրապարակել է քվեարկության արդյունքները։

Ըստ ցանկի` առաջին հորիզոնականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստացել է 894 քվե, երկրորդ տեղում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է (780), 3-րդում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը (765), 4-րդում` արտգործնախարար Արարատ Միրզոյանը (743), 5-րդում` ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (697)։

6–րդ տեղում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է (687), 7-րդում` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (668), 8-ում` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը (663), 9–ում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (628), 10-ում` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը (620)։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։