ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խոր վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ որոշ շրջանակներ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու նպատակ ունեն, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տա։ Փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր հայտնեց, որ ՀՀ դատախազությունը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Փաստաբանի խոսքով` այս գործողությամբ խոչընդոտվում է Եպիսկոպոսած ժողովի անցկացումը։
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը»,- ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել կաթողիկոսի, Գերագույն հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։
Հիշեցնենք` փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։